Երկրորդ համաշխարհային պատերազմի մի խումբ վետերանների համար 2015-ի մայիսի 7-ը տոնական էր։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարգևատրեց նրանց Հաղթանակի 70-ամյակի շքանշանով։ «Ինչ խոսք, հաճելի է, երբ պետությունը հիշում և կարևորում է մեզ։ Սա մեզ համար շատ հաճելի անակնկալ էր»,- պատասխանելով մեր հարցին՝ ասացին վետերանները։ Հիշել և կարևորել Երկրորդ աշխարհամարտի վետերաններին Հաղթանակի օրը անհրաժեշտություն է, քանի որ նրանք քայլող պատմություն են, այն էլ՝ փառահեղ պատմություն։ Սակայն շատ ավելի կարևոր է, որ նրանց հիշեն ամեն օր՝ բարելավելով նրանց կենցաղը։ Արդյոք վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացվե՞լ է այդ խնդիրը։ «Ամեն ինչ հերթով պետք է լինի, միանգամից չի լինի։ Այս տարի պատվովճարի չափը կրկնապատկեցին։ Վարչապետը խոսք տվեց, որ պետական հոգածությունը շարունակական կլինի»,- ասաց պատերազմի վետերանների և զինված ուժերի կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը։ Ինչ խոսք, համբերությունը լավ բան է, սակայն նայած երբ։ Ինչքա՞ն համբերեն մեր վետերանները, կդիմանա՞ն արդյոք։ «Մենք հաղթող ենք, իսկ հաղթողները միշտ էլ դիմանում են։ Լավ իմացեք, մենք երբեք չենք բողոքելու և ցույցի դուրս չենք գալու»,- հստակեցրեց Պետրոս Պետրոսյանը։ Գուցե մեր վետերանները, որոնց համար պետություն ասվածը շատ վեհ հասկացություն է, համբերատար կարող են սպասել, սակայն լավ կլիներ արագացնել և մեծացնել պետական աջակցությունը։ Հատկապես, երբ կոմիտեի նախագահից տեղեկացանք, որ իրենց 300000 վետերաններից մնացել են 1000-ը։ Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, շատ վետերաններ, այդ թվում՝ նրանք, որոնց վարչապետը պարգևատրել էր, սպասելիք ունեն պետությունից և իրավացիորեն պահանջում են. «Մեզ արտոնություններ թող տան, որ ըստ պահանջի ուտենք-խմենք, էսօր կանք, վաղը չկանք»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ